Նուշիկ Միքայելյան
Նուշիկ Միքայելյանը ժամանակակից գրող, երգչուհի և դերասանուհի է: Նա բանաստեղծությունների երեք ժողովածուների հեղինակ է` «Սպասիր, Արև» (Հալեպ, 1997), «Քամիներից այն կողմ» (Երևան, 2002) և « Ավելին քան այսքանը» (Երևան, 2008): Նա ծնվել է 1975 թ. Հալեպում, Սիրիայում: Ապրել է Երևանում որտեղ աշխատել է Հայաստանի Գրողների Միության «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագրի օգնական: Նուշիկ Միքայելյանի բանաստեղծությունները հրատարակվել են «Գարուն» , «Գրական Թերթ», «Հայացք Երևանից», «Ազգ», «Ժամանակ»,«Նոր կյանք», «Աշխարհ», «Շիրակ», «Զարթոնք» և այլ մամուլի էջերում: Նա նաև հանդիսանում է մի շարք էսսեների և կարճ պատմվածքների հեղինակ, որոնք տպագրվել են Հայաստանի և Սփյուռքի հայկական գրական ամսագրերում և թերթերում:
Նրա քսան բանաստեղծությունները թարգմանվել են արաբերեն և տպագրվել են «Շորուֆատ» ամսագրում (Սիրիայի մշակույթի նախարարության պաշտոնական գեղարվեստական ամսագիր, 2010): Նրա բանաստեղծությունները նաև թարգմանվել և ընդգրկվել են անգլալեզու «Մյուս ձայնը՝ հայ կանանց բանաստեղծությունները դարերի ընթացքում» ժողովածույում:
Նուշիկ Միքայելյանը ապրել է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիայում (2007-2010) և աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գռոզեան-Զաքարեան-Վասպուրական Ազգային Վարժարանում: 2008թ.-ին նա ստացել է «Լավագույն ուսուցիչ» մրցանակը, որը տրվում է «Հերբստ» հիմնադրամի կողմից: Նուշիկի երրորդ բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել է արաբերենի ու հրատարակվել Սիրիայում 2010թ.-ին: «Ավելին քան այսքանը» բանաստեղծությունների գրքից մի փունջ բանաստեղծություններ արժանացել են կանադահայ հայտնի գրող, հրապարակագիր՝ Արա Պալիոզյանի ուշադրությանն ու թարգմանվել անգլերենի:
Հայ աստղագիտության առաջատար գիտնական, էսսեիստ և նկարիչ Գրիգոր Գուրզադյանն ասել է՝ «Բանաստեղծ չեն դառնում... բանաստեղծ ծնվում են: Նուշիկը ծնվել է բանստեղծ...Նա ժայթքող հրաբուխ է, որը անընդհատ պայքարում է ինքն իր հետ, անորոշ, բայց լի ակնկալիքներով, ինչպիսին, որ կյանքն է...»:
«Ավելի քան այսքան» ժողովածուն Նուշիկ Միքայելյանի բանաստեղծությունների 3-րդ ժողովածուն է: Այս ժողովածուն, իր մեջ ներառում է քառասունհինգ բանաստեղծություն և քառասունհինգ գծանկար, որոնք ստեղծվել են հենց բանաստեղծուհու կողմից: Գիրքը մեզ ստիպում է ճանապարհորդել իր հետ իր սեփական մտքերի և փիլիսոփայության աշխարհը: Այս գրքում երազանքները պարզապես երազանքներ չեն...դրանք հաղորդագրություններ են` ուղղված ինչ-որ մեկին, ով պետք է տեղեկացվի մարդկության և երկիր մոլորակի մասին: Նրա ծովերը «եռացող կաթսաններ» են, նրա սերը «մի տխուր ժպիտ է ծաղրածուի դեմքին», իսկ նրա բանաստեղծությունը «ամենամեծ սուտն է, որը նա հորինում է հավատալու համար»... «Ավելի քան այսքան»-ը գիրք է, որը ցույց է տալիս մեզ ավելին, քան մենք իրականում տեսնում ենք, թույլ է տալիս զգալ ավելին, քան մենք իրականում զգում ենք և տալիս է ընթերցողին ավելին, քան նա ակնկալում է:
Գրքի ինքնատիպ իլյուստրացիաները կատարել է հեղինակը:
2012-ից հանդիսանում է «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրեններից մեկը: