Հովհաննես Թումանյան: Սուտասանը

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սուտասանը
Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի թագավոր: Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով Էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»:

Գալիս է մի հովիվ: Ասում է.

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում:

— Կպատահի, - պատասխանում է թագավորը: - Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում:

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում:

Գալիս է մի դերձակ: Ասում է.

— Ներողությու՛ն, թագավոր, ես վաղ պիտի գայի, ուշացա: Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու:

— Հա’, լավ ես արել, - ասում է թագավորը, - բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ մի քիչ անձրև թափվեց:

Սա էլ է դուրս գնում:

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին:

— Դու ինչ ես ուզում, այ մարդ, - հարցնում է թագավորը:

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ:

— Մի կոտ ոսկի՛, — զարմանում է թագավորը: — Սուտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ:

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր:

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում, - խոսքը փոխում է թագավորը:

— Ճշմարիտ եմ ասում` մի կոտ ոսկին տուր: