Հովհաննես Թումանյան: Չախչախ թագավորը

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Չախչախ թագավորը
Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան:

Մի պատռված թուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում: Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր:

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա:

էս ով կլինի, ով չի լինի: Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում: Աուավոտը վեր է կենում, տեսնում՝ մի աղվես է ընկել մեջը:

- Հը ‘,գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա. կաց հիմի ես քեզ պանիր ցույց տամ: - Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի:

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում: - Ինձ մի սպանի, - ասում է, — մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես: Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ:

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում:

էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում: Վազ է տալիս թագավորի մոտ:

- Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք:Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք:

- Չախչախ թագավորն ով է, - զարմացած հարցնում է թագավորը:

- Դու դեռ չես ճանաչում, - պատասխանում է աղվեսը: - Չախ– չախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ Նրա վեզիրն եմ: Կոտը տուր, տանենք ոսկին չափենք. հետո կճանաչես:

Կոտն առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տափս: - Օֆ, - ասում է, - զոռով չափեցինք:

- Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել, - մտածում է թագավորը: Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում:

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի. ձեր կոտը տվեք, չափենք կբերենք:

Կոտն առնում է տանում: Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում:

- Օֆ, - ասում է, - մեռանք մինչև չափեցինք:

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում:

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափումդ:

Անց է կենում մի քանի օր: Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է:

Թագավորէ ուրախանում, աշխարհքով մին է լինում:

- Դե գնացեք, - ասում է, - շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք:

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում:

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ: Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք:

- Վայ, քու տունը քանդվի, այ աղվես. էդ ի՞նչ ես արել, - ասում է վախեցած ջաղացպանը: - Ես ով, թագավորի աղջիկը ով: Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր... Հիմի ես քւնչ անեմ...

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, — հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ:

Վազելով ընկնում է պալատը. – Հայ-հարայ, Չախչախ թագավորը մեծ հանդէսով գալիս էր, որ պսակվի: ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտհրեցին, ամեն բան տարան: Ինքը ազատվեց փախավ: Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի:

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն:

Գալիս են հանդէսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգին: Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ - էսպես հանդէսով բերում են թագավորի պալատը: Իր օրումը պալատ չտեսած ջաղացպան, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում:

- էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր, - հարցնում է թագավորը: — Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած:

- Չէ, դրանից չի, - պատասխանում է աղվեսը: - Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտեղ, էս որտեղ...

Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղաց պանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի:

- Ի՞նչու չի ոստում, աղվես ախպեր, - հարցնում է թագավորը:

- Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, Նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և, վերջապէս, ի՛նչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար:Ի՞Նչպես հաց ուտի, - պատասխանում է աղվեսը հառաչելով:

- Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի, - խնդրում է թագավորը: - Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք:

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթն գիշեր հարսանիք անում:Աղվեսն էլ դառնում է քավոր:

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ:

- Կացեք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետեից եկեք, - ասում է քավոր աղվեսը ու վազ տալի:

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ Նախիր է արածում:

- էս ու՞մ նախիրն է:

Ասում են. - Շահ-Մարինը:

- Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետեից գալիս է. ով Նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել:

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է:

- էս ումն է:

- Շահ-Մարհնը: Հովիվներին էլ նույնն է ասում:

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են:

- էս ում արտերն են:

- Շահ-Մարինը:

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում:

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ:

- էս ումն են:

- Շահ-Մարինը:

Խոտ հարողներին էլ նույնն է ասում: Հասնում է Շահ-Մարի պալատին:

- Շահ-Մար, ա Շահ-Մար, - գոռում է հեռվից վազելու: Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել:Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ: Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել:

— Ի՞նչ անեմ, ուր գնամ, — հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը:

- Փախի, շուտով ձի նստի փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես:

- Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից: Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները: Գալիս են զուռնով,թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով:

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից անհամար ձիավորներ:

Հասնում են մի դաշտի: Տեսնում են մեծ նախիր է արածում:

- էս ում նախիրն է, - հարցնում են ձիավորները:

- Չախչախ թագավորինը, - պատասխանում են նախրապանները:Անց են կենում: Հասնում են սարերին: Տեսնում են ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է:

- էս ումն է, - հարցնում են ձիավորները:

- Չախչախ թագավորինը, - պատասխանում են հովիվները: Անց են կենում: Հասնում են ընդարձակ արտերի:

- էս ում արտերն են:

- Չախչախ թագավորինը: Հասնում են խոտհարքներին:

- էս ումն են:

- Չախչախ թագավորինը:

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի:

Էսպեսով աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին: Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում: Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը:

ՅոթՆ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառն ում են իրենց տեղը:

Չախչախ թագավորը, իր կինն ու բավոր աղվեսը ապրում են Շահ–Մարի պալատներում:

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է: