Հովհաննես Թումանյան: Ոսկու կարասը

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ոսկու կարասը
Հովհաննես Թումանյան

Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պա¬պերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինո՚մ, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը:

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են: Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին:

էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի: Եզները լծած թողնում է, վազում է գյուղը՝ հողատիրոջ մոտ:

– Հեյ, աչքդ լուս, - ասում է, - քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար:

- Չէ՛, ախպեր, էդ իմը չի, - պատասխանում է հողատերը: - Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է:

Սկսում են վիճել. սա ասում է՝ քունն է, նա, թե չէ՝ քունը: Վեճը տաքանում է, իրար ծեծում են: Գնում են թագավորի մոտ գանգատ:

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում: Ասում է.

— Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել - իմն է:

Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի: Գնում է կարասի բերանը բաց անել է սոալի, տեսնում - ի՞նչ ոսկի - կարասը լիքը օձ...

«Զարհուրած ու կատաղած ետ է գալի: Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել:

- Չէ, թագավորն ապրած կենա, — գոռում են խեղճերը, — մեզ ինչու ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի...

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն: Մարդիկը գնում են, ետ գալի, թե՝ ճշմարիտ, ոսկի է...

- Վա՜հ, - զարմանում է թագավորը: Ասում է՝ երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր: Վեր է կենում մին էլ գնում:

Կարասը թաց է անում, — դարձյալ մեջը լիքը օձ:

էս ի՛նչ հրաշք է, ի՜նչ միտք ունի, - չեն հասկանում:

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին:

- Բացատրեցեք, — ասում է, — ով իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա: Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել: Ես եմ գնում - կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում – ոսկի: էս ինչ կնշանակի:

- Դրա բացատրութիունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ, - ասում են իմաստունները: - Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար: Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում:

Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու:

- Լավ, - ասում է, - դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից որին է պատկանում գտած ոսկին:

— Իհարկե հողատիրոջը, — ձայն է տալի վարող գյուղացին:

- Չէ, վարողինն է, - մեջ է մտնում հողատերը: Ու նորից սկսումեն կռվել:

- Լա՛վ, լա՛վ. կացե՛ք, - կանգնեցնում են իմաստունները, - ի՞նչ ունեք դուք — տղա կամ աղջիկ:

Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ: Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց: էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը: Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներրն:

Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ: