Հովհաննես Թումանյան: Բարեկենդանը

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Բարեկենդանը
Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում:

էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում:

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն:

Կնիկը բարկանում է.

- Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում:

- Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:

Կնիկը հանգստանում է, տանում է պահում:

Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

- Ախպեր, ախպեր, հալա մի կանգնի:

Տղեն կանգնում է:

- Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս:

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի:

- Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:

- Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամաչու՞մ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...

- Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալիս, չէի գտնում:

- Դե արի տար:

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

- Հա, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:

- Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...

- Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ:

- Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես - հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց:

- Այ էն կողմը:

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:

Գալիս է հասնում իրեն:

- Բարի օր, ախպերացու:

- Աստծու բարին:

- Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ:

- Անցկացավ:

- Ի՞նչ ուներ շալակին:

- Եղ ու բրինձ:

- Հա հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:

- Բավականին ժամանակ կլինի:

- Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ:

- Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորս ոտը կփոխի - մին, երկու, երեք, չորս - նա երկու ոտով մեկ-երկու, մեկ-երկու, մեկ-երկու, շուտ-շուտ կգնա, անց կկենա:

- Բա ի՞նչպես անեմ:

- Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:

- Հա՜, էդ լավ ես ասում:

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում:

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում: