Հովհաննես Թումանյան: Անբան Հուռին

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Անբան Հուռին
Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի կնիկ: Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի: Մի ծույլ, անշնորհք աղջիկ: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած:

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մթնի՝ քնեմ:

Հարևսսնները անունը դնում են անբան Հուռի: Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի. - լիդրը գզող, լիդրը մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի:

Էս գովասանքը գնում մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում: Էս երիտասարդ վաճառակւսնն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա: Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը: Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առու¬տուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք:

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի: Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կռկռում են: — Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...

— Վու՛յ, աղչի Փեփել, Կեկել, — ձեն է տալի անբան ճուռին, — որ բամբակը բերեմ ձեզ տամ՝ կգզե՞ք...

Բե՛ր, բե՛ր, բե՛ր...

Անբան ճուռին ուրախանում է: Գնում է բամբակը կրում բերում, ածում գետը:

— Դե գզեցեք, մանեցեք: Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք:

Գնում է, մի քանի օրից ետ է գալի:

Գորտերը էլի կռկռում են.

- Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...

- Աղչի Փե՛փել, Կեկել, դե մանածը բերեք:

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում:Հուռին մին էլ որ Նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը:

— Վու՜յ, — ասում է, — քոռանամ ես, տես, համ գգել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար: Ձեռը ճակատին է դնում ձեն տւսլի.

- Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք: —Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը: Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի: Հանում է տեսնում՝ մի կտոր ոսկի: Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն: Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս:Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր:

- Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է:

Թե՝ բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է:

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք: Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել: Քեֆ է սարքում. նստում են քեֆի:

Զոքանչը խորամանկ կին է լինում: Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի: Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում: էս զոքանչը վեր է կենում գլուխ է տալի բզեզին: Ասում է.

— Բարով եկար, մորքուր ջան, ոնց ես. որտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ով էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...

Փեսեն մնում է զարմացած: Ասում է.

- Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում - մորքուրս որն է...

Զոքանչը թե. - Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ, էս բզեզն իմ մորքուրն է:Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ. էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ: Մեր ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենք: Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում: Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի. էն է լինում որ էն արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա: