Գրիմ Եղբայրներ: Կարմրիկը

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Կարմրիկը
Հովհաննես Թումանյան

Լինում է չի լինում՝ մի փոքրիկ սիրուն աղջիկ է լինում: Ով մի անգամ տեսնում է՝ սիրում է էս աղջկանը, բայց ամենից շատ իր տատն է սիրում, էլ չի իմանում ինչ անի, որ թոռան սիրտը շահած պահի:

Մի անգամ էլ մի կարմիր գլխարկ է նվիրում: Էս կարմիր գլխարկն էնքան է սագ գւսլիս էս աղջկանը, որ էլ չի ուզում գլխին ուրիշ գլխարկ դնի, բացի կարմրից:Կարմիր շորեր էլ հագցնում են, ոտից մինչև գլուխ կարմրում է, դրա համար էլ անունը դնում են Կարմրիկ: Մի անգամ էլ մերը Կարմրիկին ասում է.

— Ա՛ռ էս գաթեն ու էս գինին տար տուր տատին. հիվանդացել է, թուլացել է, թող ուտի, խմի, մի քիչ ուժի գա: Դե, քանի օրը շոգ չի, գնա, միայն կարգին, կամաց գնա, ճամփից էլ չծովես, թե չէ վեր կընկնես շիշը կջարդես, էլ տատի համար բան չի մնալ: Տատի մոտ էլ որ մտնես, չմոռանաս՝ տատին բարևես: Էնտեղ էլ հանգիստ կաց, դես ու դեն չվազվզես:

— Հա, մայրիկ, ինչպես ասում ես՝ էնպես կանեմ, — խոսք է տալիս Կարմրիկն ու գնում:

Տատն ապրելիս է լինում գյուղից մի կես ժամ հեռու, անտառի մեջ:Կարմրիկը հենց անտառն է մտնում թե չէ, դեմը դուրս է գալիս մի գել: Բայց Կարմրիկը չի իմանում, թե գելն ինչ սարսափելի գազան է, ու իսկի չի էլ վախենում:

— Բարո՛վ, Կարմրի՛կ, — ասում է գելը:

— Բարով, գել ախպեր:

— Էսպես վաղ-վաղ ուր ես գնում, Կարմրիկ:

— Գնում եմ տատիս մոտ:

— Էդ ի՞նչ ես տանում գոգնոցումդ:

— Գաթա ու գինի եմ տանում: Մենք երեկ գաթա թխեցինք տատիկս հիվանդացել է, թուլացել է, տանում եմ, որ գաթեն ուտի, գինին էլ խմի՝ ուժի գա:

— Քու տատը որտեղ է ապրում:

— Անտառում, մի քառորդ ժամի ճամփա էլ կա մինչև էնտեղ: Էնտեղ երեք կաղնի ծառ կա, էն ծառերի տակին է նրա տունը, ա՛յ էն, որ չորս կողմն էլ տկողնի ցանկապատ ունի. հիմի կարելի է հիշես:

Կարմրիկն էսպես խոսում է, իսկ գելն իրան-իրան միտք է անում. «Էս փոքրիկ, քնքուշ աղջիկը ի՞նչ անուշ պատառ է... սա ավելի համով կլինի, քան թե պառավը: Ապա, քեզ տեսնեմ, մեր տղա, բանն էնպես խելքով բռնի, որ ջուխտն էլ ճանկդ գցես»:

Մի քիչ Կարմրիկի հետ գնում է ու ասում.

— Մի դեսը մտիկ արա է՜, Կարմրի՛կ, տե՜ս ի՛նչ հիանալի ծաղիկներ են փռված մեր չորս կողմը: Մի չես կանգնում ու չես հիանում սրանցով: Մի լսիր, տես թռչուններն ի՜նչ ուրախ երգում են: Հենց ուղիղ քշած, սուսուփուս գնում ես, կարծես թե ուսումնարան ես գնում: Մի տես, ի՛նչ ուրախություն է ւսնտառում...

Էստեղ գլուխը վեր է քաշում Կարմրիկը, չորս կողմն աչք ածում, տեսնում է ծառերի տերևների արանքից էստեղ-էնտեղ ներս են թափանցում ու խաղում են արևի շողքերը, իսկ կանաչ խոտի մեջ ցրիվ բարձրանում են գույնզգույն անհամար ծաղիկները: Մտքումն ասում է՝ «Տա¬տի համար որ մի փունջ ծաղիկ էլ տանեմ, հո շատ կուրախանա: Դեռ ժամանակ էլ կա, կհասնեմ...»:

Ասում է, ճամփից դուրս է գալիս անտառն ընկնում ու սկսում ծա¬ղիկ քաղել: Մինը պոկում է, տեսնում է նրա կողքին ավելի գեղեցիկն է ծաղկում, հիմի էլ էն կողմն է վազում. էսպիսով էլ ավելի ու ավելի հեռու, անտառի խորքն է մտնում:

Իսկ էս ժամանակ գելը կարճ ճամփով տատի տունն է հասնում ու դուռը ծեծում:

— Էդ ո՞վ է:

— Կարմրիկն եմ, քեզ համար գինի ու գաթա եմ բերել, դուռը բաց արա:

— Դռան փակիչին հուպ տուր, կբացվի, —ներսից ձեն է տափս տատը: — Ես թույլ եմ, չեմ կարող վեր կենալ:

Գելը դռան փակին հուպ է տալիս, դուռը ետ է բացվում: Լուռ հարձակվում է անկողնի վրա ու պառավին ողջ-ողջ կուլ տալիս: Հետո նրա շորերը հագնում է, նրա գլխակապիչը կապում, անկողնում պսակում ու վերմակը քաշում վրեն:

Իսկ Կարմրիկն էնտեղ մի ծաղկից մյուս ծաղիկն է վազում, ու երբ որ էնքան շա՜տ-շա՜տ ծաղիկ է քաղում, որ տեսնում է էլ չի կարող տանի.նոր տատը միտն է ընկնում. դարձյալ ընկնում է ճամփեն, վազում դեպի տատի տունը:

Որ հասնում է տատի տունը՝ զարմանում է, թե դուռն ինչու է կրնկի վրա բաց:

Ներս է մտնում, սիրտը մի վախ է ընկնում: Ասում է՝ «Տեր ասւոված, միշտ իմ տատի մոտ էնպես լավ էր, էսօր ինչու եմ էսպես վախենում...»: Մտքումն էսպես է ասում ու ձեն է տալիս.

— Բարի լուս, տատի ջան:

Պատասխան չկա:Մոտենում է տատի անկողնին, վերմակը ետ է քաշում:Տեսնում է տատը պառկած է, բայց չի իմանում ինչու — գլխակապիչը ներքև է քաշել ու էնպես տարօրինակ է նայում, որ...

— Վա՜յ, — ասում է, — տատի, էդ ի՜նչ ահագին ականջներ ունես...

— Էս նրա համար է, որ քեզ լավ լսեմ, բալիկս...

— Վա՜յ, տա՛տի, էդ ինչ ահագին աչքեր ունես...

— Էս նրա համար է, որ քեզ լավ տեսնեմ, բալիկս...

— Վա՜յ, տա՜տի, էդ ի՛նչ ահագին ձեռներ ունես...

— Էս նրա համար է, որ քեզ ավելի լավ գրկեմ, բալիկս...

— Բայց, տա՛տի, էդ ի՛նչ սարսափելի մեծ բերան ունես...

— Իսկ էս նրա համար է, որ քեզ շուտով ուտեմ...

Ասում է գելն ու տեղից ներքև թռչում, ձեռաց կուլ է տալիս խեղճ Կարմրիկին:

Սրան էլ կուլ է տալիս, կշտանում է ու նորից անկողնում պսակում, խռմփացնելով քնում: Հենց էս ժամանակ, դու մի՛ ասիլ, մի որսկան էդ պառավի տան մոտից անց է կենում: Ասում է.

— Էս պառավն ինչու է էսպես խռմփացնում, մի տեսնեմ, չլինի թե հետը բան է պատահել...

Ներս է մտնում, մահճակալին մոտենում, տեսնում է՝ պառավի տեղը պսակած գելը:

— Հը՛, վերջապէս ճանկս ընկար, անիծված, վաղուց էի քեզ ման գալիս:

Ասում է որսկանն ու մին ուզում է հրացանով զարկի, մին էլ մտածում է, թե կարելի է պառավին կուլ է տվել ու կարելի է դեռ նրան փրկել:Էլ հրացանով չի զարկում, դանակը առնում է ու սկսում է փորը ճղել: Մի քիչ ճղում է թե չէ՝ մի կարմիր գլխարկ է երևում, մի քիչ էլ ճղում է — Կարմրիկը կենդանի֊կենդանի դուրս է թռչում ու կանչում.

— Վա՜յ, ի՜նչքան վախեցա... ի՞նչ մութ էր գելի փորումը...

Նրա ետևից էլ տատն է դուրս գալիս, նա էլ էր դեռ կենդանի, բայց դժվար էր շունչ քաշում:

Էստեղ Կարմրիկը շտապով մեծ-մեծ քարեր է հավաքում, էն քարերով բերում են գիլի փորը լցնում: Գելը զարթնում է, ուզում է տեղիցը թռչի, դուրս փախչի, բայց քարերից այնքան ծանրացել էր, որ տեղն ու տեղը վեր է ընկնում, գետնովը դիպչում, սատկում:

Ամենքն էլ էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ էլ լեզվով ասել չի լինի: Որսկանը գիլի մորթին պոկում է, վեր կալնում գնում, պառավը նստում է, սկսում է Կարմրիկի բերած գաթեն ուտել, գինին խմել ու քիչ-քիչ ուժի գալ, իսկ Կարմրիկը մտածում է. «Չէ՛, էս մինը բավական Էր, էլ երբեք ճամփից դուրս չեմ գալ ու մենակ անտառն ընկնիլ, երբ որ մայրիկը չի թողնում»:

Ասում են, սրանից ետը մի անգամ էլ Կարմրիկը, երբ որ իր տատի համար թխվածք է եղել տանելիս, մի ուրիշ գել է ուզեցել նրան համոզի. որ ճամփիցը դուրս գա: Բայց Կարմրիկն զգուշացել է ու իր ճամփեն է գնացել: Երբ որ տատի մոտ է հասել՝ պատմել է, թե հապա՝ էսպես մի գել պատահեց ինձ ճամփին, բարևեց, բայց էնպես չար աչքով Էր նայում, որ թե ճամփի մեջ չլինեինք, հավատա, ինձ ուտեր... Տատն ասել է.

— Վա՜յ, Կարմրիկ ջան, կաց դուռը փակենք, որ չլինի թե էդ գելը գա հանկարծ:

Մի քիչ կենում են, տեսնում են գելը դուռը ծեծում է ու ձեն է տալիս.

— Տա՛տի, դուռը բաց արա, ես Կարմրիկն եմ, քեզ համար գաթա եմ բերել...

Տատն ու Կարմրիկը ոչ պատասխան են տալիս, ոչ դուռը բաց են անում: Սրանից ետը գելը մի քանի անգամ էլ տան չորս կողմովը պտույտ է գալիս ու բարձրանում կտուրը:Էնտեղ սպասում է, թե երբ պետք է իրիկունը Կարմրիկը դուրս գա իրենց տունը գնալու, որ բռնի ուտի: Տատը գլխի է ընկնում նրա մտքինը:

Դռանը, հենց տան պատի տակին մի մեծ կոթ է լինում ջրով. Կարմրիկին ասում է.

— Կարմրի՛կ շան, էստեղ մսի խաշու կա, վեր կալ էս խաշուն, տար ածա կոթի մեջը:

Կարմրիկը մսի խաշուն տանում է ածում դռան մեծ կոթի մեջը, էնքան, որ կոթը պռնգե-պռունգ լցվում է:

Էս խաշվի հոտը վեր է բարձրանում ընկնում գիլի քիթը: Գելը փնչացնում է, վերևից սկսում է ծիկրակել, թաքուն նայել դեպի ներքև, վիզը ձգում է, ձգում է, էնքան ձգում է, որ էլ չի կարողանում իրան պահի, թրըմփ, ընկնում է ուղիդ կոթի մեջը խեղդվում: Կարմրիկն էլ ուրախ–ուրախ վեր է կենում գնում իրենց տունը, էն է լինում էն, էլ ճամփին ոչ ոք ձեռք չի տալիս նրան: