Արաբական: Անգին քարը

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Անգին քարը
Հովհաննես Թումանյան

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով: Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը: Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու: Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին. փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները:

էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին:

Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ:

- Կանգնեցե՛ք, — ասավ, — ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին:

Ամբոխը կանգ առավ:

- Ի՜նչ լավ է խոսում, է՜, - ձեն տվեց մինը. – խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք:

- Դուք ուզում եք սրան ծեծե՞ք, - հարցրեց անծանոթը:

- Հա, անպատճառ, պետք է ծեծենք:

- Բայց պետք է խելոք ծեծեք:

- Ի՞նչպես թե խելոք ծեծեք... էլ խելոք ծեծելը որն է... կողքերը կփշրենք — պրծավ գնաց:

- Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք: Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք: Շատ լավ: Ասենք թե տեղն է ու արդարացի: Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք: էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք:

- Լավ ես ասում, ես իմ աստվածը, - ձեն տվին ամեն կողմից: - Հապա ի՞նչ անենք. ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստծու ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին...

- Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ի՛նչպես է արդարանում:

- Ես արդարանալու բան չունեմ, - խոսեց Սայիդը: - Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել; Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել: Եվ ասեմ թե չէ, դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չէք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կերվեն:

- Վա՛հ, էս ի՞նչ է պատահել: Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի: Պատմի՛ր, պատմի՛ր, — գոռացին ամեն կողմից:

- Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ, — պատասխանեց Սայիդը: - Ականջ արեք, պատմեմ՝ տեսեք: «Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասէր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա: Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս...»:

- Տեսե՛ք, տեսե՛ք՝ ինչեր է հաչում: Ա՛յ լիրբ հայհոյիչ... Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել... - ընդհատեց մեկը:

- Բախտը որ կա ծնվելիս է գրվում մարդու ճակատին, նրանից պրծնում չկա, - մեջ մտավ մի ուրիշը:

- Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք պատմի:

Ու Սայիդը շարունակեց.

«Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով: Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց: Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը: Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից: Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին: Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ: Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ կրկնակի գերի...»:

- Ա՜յ էդ լավն էր: Ի՜սչ սիրուն ասիր - կրկնակի գերի...

«էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար:

Եվ ահա տեսնում եք, անտուն, անտեր թափառում եմ, ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար»:

Ամենքի սիրտը շարժվեց:

- էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ. հրես թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜, — խորհուրդ տվեց աղքատներից մինը:

- Գանգատ արա... լավ ես ասում. բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր: Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ: Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից:

- Վախիլ մի՛, — սիրտ տվին մյուս աղքատները. — մենք կմոտենանք: Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում: Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու:

էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը: Վերջապես երևաց արքայական թափորը: Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով: Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև: Թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն: Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին: Առաջ եկան վաճառականները - ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին: Առաջ եկան արհեստավոոները — սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին: Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ: Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին:

- Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը: Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

- էս ի՞նչ կնշանակի... էս ի±նչ ես տալիս դու ինձ...

- Թագավորն ապրած կենա, — պատասխանեց աղքատը, — թագավորին նվեր տվողը պետք է իր սրտիցը տա... իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում:

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ:

- Անունդ ի՞նչ է:

- Երբ դեռ երեխա էի՝ հերս ու մերս ինձ ասում էին ջան Սայիդ: Երբ հասակ առա, հարևաններս ասում էին աշխատասէր Սայիդ: Երբ ամուսնացա, կինս ասում էր լավ Սայիդ. ծանոթներս ու բարեկամներս ասում էին ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են խեղճ, անբախտ, աղքատ Սայիդ:

- Ո՞րտեղ ես ապրում:

- էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում:

- Դե, լա՛վ, - խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը. - իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի: Գնա աղոթիր աստծուն. ո՜վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն բախտավոր Սայիդ:

Սայիդը գնաց:

էս դեպքի վրա մի քանի օր անց կացավ: Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը:

Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին: Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել:

Քեֆի թունդ ժամանակ թագավորը հրամայեց հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ: Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել:

- Աշխարհքում շատ գանձեր կան, — ասավ նա, — բայց ամենաթանկ գանձը լավ անունն է: Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում: Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ոչ ձիով, ոչ ուղտով և ոչ ուրիշ միջոցով: Լավ անունով մարդը չի մեռնում: Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի: Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները: Լավ բան է լավ անունը:

Մի գանձ էլ կա — հարստությունն է:

Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել: Լավ բան է հարստությունը:

Մի գանձ էլ կա - էդ էլ խելքն է:

Խելոք մարդը գերմարդ է դառնում: Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը անահ: Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը: Լավ բան է խելքը:

Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է: Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար: Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար: էս գանձը խղճմտանքն է:

էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում: Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար: Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն: Եվ հպարտությունը մւոավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից: էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն: Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը: Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում: Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից: Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս սկսեց նրան նախանձել: Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը: Մի ջրհոր, երկու արմավենի ծառ: Ջրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր: Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն: Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի, ու խլեց: էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում:

Ամենքի սիրտն էլ խորը շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա ար¬ժանի է խիստ պատժի:

- Իսկ դո՞ւ ինչ ես ասում, Իբրահիմ, — հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին: Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին:

- Թագավորն ապրած կենա, - պատասխանեց Իբրահիմը, - էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում:

- Իբրահի՛մ, - գոչեց թագավորը, - էդ ոճրագործը դու ես: Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում: Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում:

Իբրահիմը խոնարհվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը:

- Ես չեմ քո դատավորը, - խոսեց Հարուն Ալ Ռաշիդը. - քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու:

Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին:

- Սայի՛դ, - ասավ, - ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն:

- Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ, - պատասխանեց Սայիդը:

- Հապա ի՞նչ ես ուզում:

- Ես դրանից բան չեմ ուզում: Թող իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ:

էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով: Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել:

- Լավ, էդ քո դատաստանը, — դարձավ թագավորը Սայիդին. — այժմ իմ դատաստանը լսիր: Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշովը մին ոսկի:

Թագավորի վճիռը վճիռ էր: Ինչ որ վճռեց՝ Իբրահիմը տվեց Սայիդին: Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն: Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը: Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն: Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչու չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի;

Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա: Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»:

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ դատաստան տեսնելիս դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում: Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը: Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը: