Ուջան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ուջան, (Уджан, Ujan), Վժան, Վժժան, Ուժան – Գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում, նախկին Աշտարակի շրջ-ում, Աշտարակ ք-ից 12 կմ արմ, Արագած լ-ան հր Վժան լ-նաճյուղի փեշերին, Երևան –Գյումրի ավտոճանապարհից աջ, երեք կողմից լ-նաճյուղերով շրջափակված կրկեսաձև գոգավորությունում: Գ.-ի հր կողմում, նրա դիմաց փռված ծխախոտով ու պտղատու այգիներով ծածկված ընդարձակ դաշտը: Կլիման չոր է: Ոռոգման ջուրը հոսում է Արարգածից, իսկ խմելունը` բերվել է 7-8 կմ հս-արմ գտնվող Ավան գ-ից: Տները նորակառույց են, տուֆակերտ, մասամբ երկհարկանի: Կենտրոնական ասֆալտապատ փողոցի վրա, մշակույթի տան հարևանությամբ`գեղեցիկ ջրավազանով, մեծ ժայռաբեկորի վրա 1967 թ կանգնեցվել է զորավար Անդրանիկի կիսանդրին: 1989 թ այստեղ հանդիսավոր կերպով բացվեց հայ ֆիդայիններին նվիրված հուշահամալիրը:

1831 թ ուներ 62, 1887 թ` 444, 1914 թ` 300, 1926 թ` 569, 1939 թ` 978, 1959 թ` 1514, 1970 թ` 1845, 1979 թ` 1858, 1989 թ` 2344 հայ բնակիչ: Զբաղվում են այգեգործությամբ (խաղողագործություն, պտղաբուծություն), դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, կերային և բանջարաբոստնային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, փոստի բաժանմունք, հիվանդանոց:

Հնում հայտնի էր Վժան անունով և մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ի մեջ: Հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (10-րդ դ): Օտարները Վժան անունը արտասանական այլափոխմամբ դարձրել են ՈՒ: Ըստ ավանդության ` < Անուն Վժան ընկալաւ իր ձայնէ ջուրց սորին, որ իջանէ ի վերուստ անտի զառընթաց գլխով վիմաց ընդ քարուտ առուակս վժալով կարի սրընթաց> (<Ավանդապատում>, էջ 163): ՈՒ -ի այժմյան բնակիչների նախնիների մեծ մասը Արմ Հայաստանից (Սասունից` Մոկտան, Հազո, Արճեշից, Վանից և այլ վայրերից) բռնագաղթածներ են: 19-րդ դ վերջերին դեռևս պահպանվում էր կիսավեր եկեղեցին: Այժմ կան մնացորդները: Գ.-ից հս կա < Բկոյ գյուղ> անունով գ-ատեղի: Պահպանվել են քանդակազարդ պատերով քարայրեր:

895 թ այստեղ բանակել է Սմբատ 1-ին Բագրատունի թագավորը, որը ճակատամատել է Դողսում նստած արաբ ոստիկան Ափշինի դեմ և պարտության մատնել նրան: Այստեղից է եղել Ամրդոլու վանքում Ներսես վարդապետ Մոկացուն աշակերտած Մելիքսեթ վարդապետ Երևանցին (Վժանից գ-ից), որը քերականական և փիլիսոփայական ուսմունքների գիտակ էր և Սիմեոն Ջուղայեցու ուսուցիչը: Այստեղ են ծնվել տնտեսագիտության դ-ր, պրոֆ. Լևոն Սարգսյանը, գիտ. թեկն. Պողոս Ոսկերչյանը: