Ույծ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ույծ, (Уйц, Uyts), Ուզ, Ուզի – Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, նախկին Սիսիանի շրջ-ում, Սիսիան ք-ից 2 կմ հր-արլ, Սիսիանի գետի աջ կողմում, գետաբերանից ոչ հեռու, մեղմաթեք լ-նալանջի վրա`ծածկված մրգատու ծառերով և ուռենիներով: 03.04.1991 թ նախկին Ուզը վերանվանվել է Ույծ: Կլիման ցուրտ է, օդը` առողջարար, ոռոգելու ջուրն` առատ: Տները հարմարավետ են, թեք տանիով, մեծ մասը`շինված բազալտից: Գ.-ի տարածքում կա հանքային ջուր, որը տեղացիները կոչում են Գռի ջուր: Բնակչության նախնիները եկել են Խոյի և Սալմաստի գավ-ներից 1828-30 թթ: 1831 թ ուներ 293, 1897 թ` 1169, 1926 թ` 1155, 1939 թ` 1179, 1959 թ` 967, 1970 թ` 985, 1979 թ` 854, 1989-ին 47 հայ բնակիչ: ՈՒ-ից տարբեր ժամանակներում եղել է մեծ արտագնություն. 208 տնտեսություն փոխադրվել է Բաքու, 30-ը` Երևան և այլուր: Տնտեսությունը միավորված էր Սիսիանի N 2 կաթնաանասնապահական պետական տնտեսությանը, որը զբաղվում էր նաև դաշտավարությամբ և կերի ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մշտական կինո, մանկապարտեզ, բուժկայան, անասնաբուժարան: Գ.-ում աշխատում է ջրաղաց, ունեցել է ձիթհանք: Ու հավանաբար Ղ. Ալիշանի ենթադրած Մեծ Ույծ (<Ոյծ>) է, իսկ փոքր Ույծը գ-ի տարածքում գտնվող Անապատ վանքի շրջ-ում եղած ավերակներն են: Չնայած գ-ի բնակչության մեծ մասը 1604-1605 թթ Շահ-Աբասի արշավանքների ժամանակ քշվել է Պարսկաստան, բայց նրա հայ բնակչության գոյությունը չի ընդհատվել: Ունեցել է 2 հին եկեղեցի, որոնցից ս Գևորգ եկեղեցին, որը գրեթե քառակուսի հատակագծով, տափակ կտուրով անշուք շինվածք է, դեռևս կանգուն է: Սրա արմ դռան վրա պահպանված է կառուցման 1616 թ: Գերեզմանոցում հայտնաբերվել են կարասային և քարեդամբարանային թաղումներ: Գ.-ի շրջակայքում կան զանազան հնությունների`բնակավայրերի և բերդերի հետքեր: 1947 թ շինարարության ժամանակ այստեղ գտնվել են պարսկական արծաթե դրամներ: Այստեղ է ծնվել գրող Դանիել Գևորգյանը (1911):