Մակարավանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մակարավանք, (Макараванк, Makaravank), Ագռավավանք, ս. Աստվածածին, ս. Մակար, ս. Մակարտ վանք, Ուխտն Մակարավանուց – Վանք ՀՍՍՀ Իջևանի շրջ-ում, Աչաջուր գ-ից 3 կմ հր- արմ. Պայտաթափ լ-ան անտառապատ լանջին մի փոքրիկ բացատում: Մի կողմում անտառապատ ձոր է մյուսում` Մակար գետը, արմ-ից` անտառ է, արլ-ից` հարթ բացատ: Պարսպապատ էր, որի պարիսպներից մնացել է կամարակապ մուտքը: Պարսպի ներսում կան վանականների բնակելի ու այլ շենքերի ավերակներ: Վանքի շուրջը կան ընդարձակ գյուղատեղի և դրան կից մի մեծ գերեզմանոց` տապանաքարերով ու խաչքարերով: Վանքի համալիրի մեջ մտնող կառույցների ու սրանց ժամանակի վերաբերյալ կան որոշ հակասական տեղեկություններ: Ըստ 19-րդ դ. վերջի նկարագրությունների` վանքի հին տաճարը ( ս. Ատվածածին) կառուցվել է 6-րդ դ ( <<Արաքս>> հանդես, 1892,գ Ա, էջ 36-39 ):

Ըստ նոր շրջ-ի նկարագրություների ( ՀՍՀ )` գլխավոր հուշարձանը կառուցվել է 10-11-րդ դդ: Գավթի վրա կա 918թ: Հնագույն եկեղեցին ( 10-11-րդ դդ), որը գտնվում է համալիրի հս-արլ մասում, արտաքուստ ուղղանկյուն , ներքուստ խաչաձև շինություն է կառուցված կիսամաշ, կարմրավուն տուֆի խոշոր քարերով: Ունի մի ավագ և չորս փոքր խորաններ: 13-րդ դ. վերակառուցել են սրա ծածկը և գմբեթը: Գլխավոր տաճարը արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև կառույց է` շինված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով 1205թ: Արմ. դուռն ունի զարդաքանդակ գեղեցիկ շքամուտք: Տաճարի հր. պատի լուսամուտի տակ կա ճանկերում հորթ բռնած արծվի հոյակերտ բարձրաքանդակ: Գլխավոր տաճարն ունի մի ավագ խորան,7 խորանիկ, 11 լուսամուտ: Վանքի գավիթը (13-րդ դ. 1-ին քառորդ), որն արլ-ից և հր-ից իրար է միացնում հին եկեղեցին և գլխավոր տաճարը, կառուցվել է վարդադագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Բարձրանում է չորս սյուների և 10 կիսասյուների վրա և հր. կողմում իրար վրա 2 խորան ունի: Գավթին կից է զանգակատունը: Սրա արմ. Շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող բարձրաքանդակներ: Վանքի համալիրի արլ. Կողմում նրա առաջնորդ Հովհաննեսը 1198թ. Կառուցել է ս. Աստվածածին եկեղեցին, որը կարմրավուն անդեզիտի սրբատաշ քարերով շինված, կենտրոնագմբեթ, հարթաքնդակներով հարուստ և շքեղ հորինվածք է: Հս. կողմում, տաճարից 3-4 կմ հեռավորությամբ կա փոքրիկ թաղածածկ մատուռ, որը գմբեթավոր տաճարի գեղատեսիլ մանրակերտ է հիշեցնում:

Վանքը հարուստ է արձանագրություններով, որոնք մեծ մասամբ պատկանում են 12-13-րդ դդ. և հիմնականում վերաբերվում են վանքի նվիրատվություններին: 14-րդ դ. Սկզբից վանքի մասին այլևս հիշատակություններ չկան: Հավանաբար մոնղոլ-թաթարական արշավանքները ամայացրել նաև այս վանքը: Վերսկսել է գործել նոր ժամանակներում, մինչև 1881թ` սրա վերջին վանահոր սպանությունը, որից հետո ամբողջությամբ լքվել: Վանքի անունների վերաբերյալ կան ավանդություններ: Ըստ ավանդություններից մեկի << վանքը կառուցել է Մակար անունով մի վարպետ իր տղայի հետ: հանկարծամահ է լինում նրա տղան, նա էլ վանքից իրեն ցած է նետում. վանքը մնում է կիսատ մինչ հիմա և կոչվում Մ.>> ( << Ավանդապատում>>, էջ 239): Ըստ մի այլ ավանդության մի ագռավ փրկում է վանքում աշխատող մարդկանց կյանքը` իրեն նետելով օձով թունավորված ճաշի կաթսան, որի համար էլ վանքը անվանվում է Ագռավավանք: